+(374) 237 23034 | [email protected]
«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը Արմավիր ինֆոտուն ծրագրի շրջանակներում մեկնարկել է «Բաց գիտելիքների հարթակ» օնլայն հանդիպումների շարքը:
Հանդիպումների ժամանակ ներկայացվում են ամենատարբեր ոլորտներից հետաքրքիր թեմաներ:
Հերթական հանդիպումը տեղի ունեցավ մայիսի 12-ին, որը վերաբերում էր էթիկայի պատմությանը, տարբեր մշակույթներին, ազգային էթիկային, համընդհանուր էթիկական նորմերին:
Դասընթացի բանախոսն էր բանասեր Կարինե Փանոսյանը:
Հանդիպման սկզբում բանախոսը ներկայացրեց հնագույն քաղաքակրթություններն ու դրանց կենսագործունեությունից առաջացած սովորույթները՝ անապատային տարածքներում գլխաշորեր կրել՝ ավազային քամիներից պաշտպանվելու համար, շոգի պայմաններում հովհարների օգտագործումը, սնունդ պատրաստելու համար երկաթե իրերի և փայտերի օգտագործումը և այլն: Այս ամենը հետագայում սկիզբ է դնում առանձին քաղաքակրթական մշակույթների ստեղծմանը, որոնք ժամանակակից կյանք են հասել արդեն իսկ ձևափոխված, ինչպես օրինակ չինական փայտիկները, կամ լավաշ թխելով պայմանավորված՝ բրդուջ պատրաստելը:
Այնուհետև նա ներկայացրեց առանձին մշակութային տարրեր, որոնք ընդունված են առանձին երկրներում, սակայն շատերի համար դրանք կարող են կամ վիրավորական լինել կամ ծիծաղելի: Օրինակ հայերի շրջանում տարածված խորովածի պարացնելը օտարերկրացիների աչքին դիտվում է տարօրինակ և սոված լինելու նշան: Դասընթացավարը մասնակիցներին խորհուրդ տվեց հետագայում ճամփորդություններից առաջ անպայման ուսումնասիրել տվյալ երկրի սովորույթները, որպեսզի ավելի հեշտ և արդյունավետ լինեն շփումները:
«Մշակույթը այն գործոնն է, որը տարբերակում է ազգերին, և մշակութային առանձնահատկություններով ձևավորվում են ազգային- սովորութային մշակույթները»:
Ազգային էթիկան ազգային սովորույթներով է պայմանավորված, դրանք սովորաբար կիրառվում են հենց ընդունված տարածաշրջաններում: Կա նաև համամարդկային էթիկա, որը ամբողջովին դրսևորվում է դիվանագիտական հարաբերություններում:
Իհարկե առկա են ոսկե կանոններ համաշխարհային էթիկայում, սակայն այն նույնպես ժամանակի ընթացքում զարգանում է և ինչ ինչ փոփոխությունների է ենթարկվում:
«Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի նպատակն է բարձրացնել հանրային մասնակցության աստիճանը ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներում: Ծրագիրը քաղաքացիներին տրամադրում է վստահելի տեղեկատվություն և հզորացնում քաղաքացիական հասարակությանը` արդյունավետ, հաշվետու և մասնակցային տեղական ինքնակառավարումը խթանելու նպատակով:
Ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից՝ Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶԿԿ), Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ), Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ, և ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կողմից: