«Lens on Change» Էրազմուս+ դասընթացի մասնակիցների հետ հանդիպում

Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ հանդիպում Արմավիրի Զարգացման Կենտրոնի շահառու երիտասարդների և կամավորների հետ։

Հանդիպման ընթացքում «Lens on Change» Էրազմուս+ դասընթացի մասնակիցները կիսվեցին իրենց փորձով՝ ներկայացնելով ծրագրի նպատակը, բովանդակությունը, իրենց մասնակցության փորձառությունը և ծրագրի արդյունքները՝ ստեղծված պաստառներն ու հոլովակները։

Հանդիպմանը մասնակցում էին երիտասարդներ Արմավիր և Մեծամոր խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերից։ Երիտասարդները հնարավորություն ունեցան ուղղել իրենց հետաքրքրող հարցերը՝ կապված Erasmus+ կրթական ծրագրերի, միջազգային մասնակցության հնարավորությունների, թվային գործիքների կիրառման և երիտասարդների քաղաքացիական ներգրավվածության հետ։

Նշենք, որ «Lens on Change» ծրագիրը իրականացվել է 2025 թվականի հոկտեմբերի 16-23-ը՝ Իսպանիայի Բարսելոնա քաղաքում, որի շրջանակներում համախմբվել էին երիտասարդական աշխատողներ և երիտասարդ առաջնորդներ տարբեր երկրներից։

Ծրագրին մասնակցում էին ներկայացուցիչներ Հայաստանից, Իսպանիայից, Լյուքսեմբուրգից, Չեխիայից, Իտալիայից, Ուկրաինայից, Պորտուգալիայից և Վրաստանից։

«Lens on Change» ծրագրի նպատակն էր զարգացնել երիտասարդների և երիտասարդական աշխատողների կարողությունները՝
թվային գործիքների միջոցով խթանելու քաղաքացիական ներգրավվածությունը, բարձրացնելու թվային գրագիտությունը, աջակցելու ակտիվ քաղաքացիությանը, ինչպես նաև խրախուսելու ներառական մասնակցությունը և միջմշակութային երկխոսությունը։
Ծրագրի ընթացքում մասնակիցները ծանոթացել են տարբեր թվային հարթակների և մեթոդների, որոնք նպաստում են երիտասարդների և քաղաքական որոշում կայացնողների միջև արդյունավետ հաղորդակցությանը, ինչպես նաև համայնքային խնդիրների բարձրաձայնմանը։

Ծրագիրը իրականացվել է ոչ ֆորմալ կրթական մեթոդներով, ստեղծագործական աշխատանքներով, խմբային և գործնական վարժությունների միջոցով։


Ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական Միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում, աջակցելով երիտասարդների կարողությունների զարգացմանը և նրանց ակտիվ մասնակցությանը տեղական և միջազգային ժողովրդավարական գործընթացներում։