Հանդիպումներ միտված աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված քաղաքականությունների բարելավմանը

«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը Եվրոպական միության համաֆինանսավորմամբ իրականացվող «Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում հունվարի 13-14-ին իրականացրեց աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված քաղաքականությունների բարելավմանն աշխատանքային խմբի հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվեցին օտարերկրյա աշխատողների գրանցման, աշխատանքի պայմանագրերի վերահսկողության, կոռուպցիայի դեմ պայքարի, ֆավորիտիզմի, նեպոտիզմի, և այլ կարևոր թեմաներ:

Քննարկումների ընթացքում մասնակիցները նշեցին մի շարք խնդիրեր, ներառյալ՝ վերահսկողության պակաս, օտարերկրյա քաղաքացիների գրանցման դժվարությունը, լեզվական խոչընդոտը, նրանց շահագործումը և թրաֆիքինգի խնդիրները, և կարևորվեց օտարերկրյա աշխատողների համար օրինական դաշտ ապահովելու անհրաժեշտությունը և գրանցման գործընթացի հետագա դյուրացումը:

Անդրադարձ եղավ նաև արցախցիների աշխատանքի տեղավորման խրախուսման մեխանիզմներին: Նշվեց, որ պետությունը առաջարկում է աջակցություն, սակայն սակայն գործատուները հաճախ չեն օգտվում դրանից:

Հանդիպումների ընթացքում գործատուների, աշխատակիցների և համապատասխան կառույցների աշխատաիցների արտահայտած կարծիքները հավաքագրվեցին քաղաքականության բարելավման առաջարկությունների մշակման համար հիմք դառնալու նպատակով:


 Նշենք, որ «Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագիրն իրականացվում է 2021թ․-ի փետրվար ամսից ՏՀՏ գործատուների միության, Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ-ի և Կիրակի հիմնադրամի գործընկերությամբ Եվրոպական միության համաֆինանսավորմամբ։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչություն) հետ սերտ համագործակցությամբ և միտված է նպաստելու Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանությանը` խթանելով տվյալների նորարարություն ու միջոլորտային համագործակցություն։

Ծրագիրն իրականացվելու է Աշխատանքային օրենսգրքի բարեփոխումներին զուգահեռ և ներառելու է բարձր տեխնոլոգիական լուծումներ, քաղաքացիական հասարակության մոնիտորինգ, քաղաքացիների մասնակցություն և իրազեկման լայն քարոզարշավ: Ծրագրի շրջանակներում կստեղծվեն ՏՀՏ լուծումներ, որոնք կներդրվեն  Տեսչական մարմի պաշտոնական կայքում և տրանսֆորմատիվ կլինեն Հայաստանում աշխատանքային իրավունքների վերահսկման համար: