Համայնքի երիտասարդներին ներկայացվեցին «EarthLink» ծրագրի շրջանակում ստեղծված թվային գործիքները

«EarthLink» միջազգային երիտասարդական փոխանակման ծրագրի շրջանակում ստեղծված թվային գործիքների և նորարարական լուծումների ներկայացման նպատակով կազմակերպվել է հանդիպում համայնքի երիտասարդների հետ՝ Կայուն զարգացման նախաձեռնություն ՀԿ-ի ներկայացուցիչների կողմից։

Հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրել են Սլովակիայի Դունայսկա Ստրեդա քաղաքում իրականացված Erasmus+ երիտասարդական փոխանակման ծրագրի հիմնական արդյունքները, անդրադարձել բնապահպանական մարտահրավերներին և կիսվել ծրագրի ընթացքում ձեռք բերած գիտելիքներով ու փորձով։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ծրագրի շրջանակում մշակված թվային գործիքներին և արհեստական բանականության (AI) հիման վրա ստեղծված լուծումներին, որոնք ուղղված են բնապահպանական խնդիրների հաղթահարմանը և երիտասարդների մասնակցության խթանմանը։ Երիտասարդները հնարավորություն են ունեցել ծանոթանալու այդ գործիքների կիրառման հնարավորություններին, քննարկելու դրանց ազդեցությունը և գաղափարներ փոխանակելու տեղական մակարդակում դրանց օգտագործման վերաբերյալ։

Միջոցառումը նաև հարթակ դարձավ փորձի փոխանակման, երիտասարդների ակտիվ մասնակցության խրախուսման և միջազգային ծրագրերի հնարավորությունների մասին իրազեկվածության բարձրացման համար։ Մասնակիցները քննարկեցին, թե ինչպես կարող են իրենց համայնքներում կիրառել ձեռք բերած գիտելիքները և նպաստել կայուն զարգացման ու շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված նախաձեռնությունների իրականացմանը։

«EarthLink» ծրագիրը համախմբել էր երիտասարդների Հայաստանից, Սլովակիայից, Իսպանիայից, Իտալիայից, Վրաստանից և Չեխիայից՝ նպաստելով բնապահպանական կրթության, միջմշակութային երկխոսության և երիտասարդների ակտիվ քաղաքացիական մասնակցության զարգացմանը։