+(374) 237 23034 | [email protected]
Ներառական կառավարումը սկսվում է այն պահին, երբ յուրաքանչյուր քաղաքացի ունի իր խոսքը համայնքի զարգացման գործում։
Հենց այս գաղափարով էլ առաջնորդվելով՝ Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) Երևանում օրեր առաջ կազմակերպեց «Հայաստանում գենդերային հավասարության և ներառականության խթանումը մասնակցային բյուջետավորման գործընթացում» խորագրով հաշվետու աշխատաժողով, որի կազմակերպման և իրականացման գործընթացում իր նշանակալի կազմակերպչական աջակցությունն է ցուցաբերել «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն (ԱԶԿ)՝ ապահովելով միջոցառման արդյունավետ ընթացքը և մասնակիցների ակտիվ ներգրավումը։



Աշխատաժողովը միավորեց պետական կառույցների, միջազգային գործընկերների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ նպատակ ունենալով ամփոփել Հայաստանի մասնակցային բյուջետավորման փորձը, քննարկել ձեռքբերումներն ու մարտահրավերները և ուրվագծել գենդերային հավասարությունն ու ներառականությունը խորացնելու ապագա ուղիները։
Աշխատաժողովը մեկնարկեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանի, Վարչապետի աշխատակազմի մասնակցային կառավարման վարչության պետ Լիլյա Աֆրիկյանի, և ԱԶԲ-ի Հայաստանի մշտական առաքելության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Լյուկ Ֆոչմանի ողջույնի խոսքերով։



Պանելային քննարկում և մտորումներ
Իրականացվեց բարձր մակարդակի պանելային քննարկումը՝ «Դերեր, մտորումներ և առաջիկա ուղին Հայաստանում մասնակցային բյուջետավորման ոլորտում» թեմայով։
Քննարկումը վարում էին ԱԶԿ ՀԿ ներկայացուցիչ Արման Ազիզյանը և Քիրստեն Զինդելը և , իսկ բանախոսներն էին՝ Լիլյա Աֆրիկյան (ՎԱ), Աշոտ Գիլոյան (ՏԿԵՆ), Թոմ Լանդես (GIZ), Օլգա Ազատյան (ՄԱԿ-Կանայք) և Ժաննա Հարությունյան (ՄԱԶԾ)։
Պանելիստները շեշտեցին, որ մասնակցային բյուջետավորումը Հայաստանում ձևավորում է նոր մշակույթ՝ բաց, հաշվետու և թափանցիկ կառավարում։ Միաժամանակ կարևորվեց այն փաստը, որ կանանց, երիտասարդների և խոցելի խմբերի ներգրավվածությունը պետք է լինի ոչ թե ձևական, այլ գործնական ու ազդեցիկ։



Փորձի փոխանակում՝ Fishbowl ձևաչափով․
Աշխատաժողովի ինտերակտիվ հատվածը՝ Fishbowl Discussion ձևաչափով, հնարավորություն տվեց փորձի փոխանակման և տեղական մակարդակում իրականացված հաջողությունների ներկայացման համար։
Խոսնակների թվում էին Լուսինե Ավալյան (GIZ), Նաիրա Առաքելյան (ԱԶԿ) և Արփինե Հակոբյան (ՀԿ Կենտրոն)։
ԱԶԿ նախագահ Նաիրա Առաքելյանը իր ելույթում ընդգծեց քաղաքացիական հասարակության դերը համայնքային զարգացման գործընթացում՝ ասելով․
«Համայնքի ուժը մարդկանց մասնակցության մեջ է։ Երբ յուրաքանչյուր քաղաքացի հավատում է, որ իր կարծիքը կարևոր է, այդ համայնքը դառնում է ավելի կայուն, հավասար և ուժեղ։»
Քննարկման ընթացքում ընդգծվեց նաև, որ գենդերային հավասարության սկզբունքը պետք է դառնա բյուջետավորման ամբողջ գործընթացի անբաժանելի մասը՝ պլանավորումից մինչև իրականացման գնահատում։



Գործողությունների պլանավորում և ապագա քայլեր․
Աշխատաժողովի երկրորդ հատվածում ստեղծվեց աշխատանքային խմբեր, որտեղ մշակվեցին գործնական քայլեր և առաջարկություններ՝ ուղղված գենդերազգայուն և ներառական բյուջետավորման կայուն զարգացմանը։
Մասնակիցները առանձնացրին մի քանի առաջնահերթ ուղղություններ՝
- ինստիտուցիոնալ և իրավական բարեփոխումներ,
- կարողությունների զարգացում տեղական մակարդակում,
- տվյալահեն և թափանցիկ մոնիթորինգի համակարգերի ներդրում։
Ամփոփիչ պլեներային նիստում ամրագրվեց ընդհանուր հանձնառությունը՝
խթանել այնպիսի մասնակցային կառավարման մշակույթ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ սեռից, տարիքից կամ կարգավիճակից, ունի իր ձայնը համայնքի ապագան ձևավորելու գործում։



ԱԶԿ-ի դերը և շարունակական հանձնառությունը
ԱԶԿ ՀԿ-ն աջակցեց Ասիական զարգացման բանկին միջոցառման կազմակերպման և իրականացման բոլոր փուլերում՝ ապահովելով կազմակերպչական, տեխնիկական և հաղորդակցական աջակցություն։
ԱԶԿ-ն իր մասնակցությամբ նպաստեց միջոցառման արդյունավետ և բարձր մակարդակի իրականացմանը՝ վստահ լինելով, որ նման հարթակները նպաստում են թափանցիկ, հաշվետու և մասնակցային կառավարման զարգացմանը Հայաստանում։
«Ներառական կառավարումը սկսվում է տեղական մակարդակից՝ այնտեղ, որտեղ յուրաքանչյուր ձայն լսվում է, և յուրաքանչյուր մասնակցություն՝ արժեքավոր է», – նշեց ԱԶԿ նախագահ Նաիրա Առաքելյանը։
Արմավիրի զարգացման կենտրոնը կշարունակի իր աջակցությունը մասնակցային և գենդերազգայուն կառավարման մշակույթի զարգացման ուղղությամբ՝ հավատալով, որ յուրաքանչյուր փոքր փոփոխություն կարող է մեծ ազդեցություն ունենալ համայնքի ապագայի վրա։













