+(374) 237 23034 | [email protected]
Համայնքի բյուջեն այն գործիքն է, որով որոշվում է՝ ինչ խնդիրներ են լուծվելու, ինչ ծառայություններ են զարգանալու և ինչ ուղղությամբ է շարժվելու համայնքը։ Բայց եթե այդ գործընթացին մասնակցում են ոչ բոլորը, ապա որոշումները չեն կարող լիարժեք արտացոլել հասարակության բոլոր խմբերի իրական կարիքները։
Գենդերազգայուն բյուջետավորումը հենց այս հարցին է անդրադառնում։ Այն օգնում է հասկանալ, թե բյուջետային որոշումները ինչպես են ազդում կանանց և տղամարդկանց վրա, և ապահովել, որ ռեսուրսները բաշխվեն՝ հաշվի առնելով տարբեր խմբերի իրական կարիքները։
Կարևորելով խոցելիություն ունեցող տարբեր խմբերի, հատկապես՝ կանանց մասնակցությունը համայնքում բյուջետային և այլ որոշումների կայացմանը՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը, ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության «Կանանց տնտեսական հզորացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում, իրականացրել է «Շիրակի և Գեղարքունիքի մարզերի կանանց կարողությունների զարգացում շահերի պաշտպանության և գենդերազգայուն բյուջետավորման ոլորտներում» նախագիծը։
Նախագծի հիմնական գործողությունները
Նախագիծը կառուցվել է երեք փոխկապակցված ուղղություններով՝ կանանց կարողությունների զարգացում, ՏԻՄ ներկայացուցիչների հետ աշխատանք և համայնքային երկխոսության ձևավորում։
Կանանց կարողությունների զարգացում
Շիրակի և Գեղարքունիքի մարզերի 6՝ Անի, Աշոցք, Ամասիա, Ախուրյան, Վարդենիս և Ճամբարակ համայնքներում իրականացվել է 20 դասընթաց, որոնց մասնակցել է շուրջ 200 կին։ Դասընթացների ընթացքում մասնակիցները ծանոթացել են գենդերազգայուն բյուջետավորման հիմունքներին, ինչպես նաև զարգացրել են առաջնորդության, հանրային խոսքի, բանակցությունների և շահերի պաշտպանության հմտություններ։
Այս գործընթացը նպաստեց նրան, որ կանայք ավելի լավ հասկանան համայնքային բյուջետավորման ընթացակարգերը և ավելի վստահ մասնակցեն համայնքային քննարկումներին՝ ձևակերպելով ու ներկայացնելով իրենց խնդիրներն ու առաջարկները։
ՏԻՄ ներկայացուցիչների կարողությունների զարգացում
Նախագծի շրջանակում իրականացվել է նաև 16 դասընթաց՝ 6 համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների համար։
Դասընթացների ընթացքում քննարկվել են գենդերազգայուն բյուջետավորման մոտեցումները, բյուջետային գործընթացներում տարբեր խմբերի կարիքների հաշվառումը և գենդերային վերլուծության կիրառումը։
Սա հնարավորություն տվեց ՏԻՄ ներկայացուցիչներին վերանայել իրենց աշխատանքային մոտեցումները և ավելի համակարգված կերպով դիտարկել համայնքային ծրագրերի ազդեցությունը տարբեր խմբերի վրա։
Երկխոսության հանդիպումներ
Ծրագրի կարևոր բաղադրիչներից էին համայնքային կանանց և ՏԻՄ ներկայացուցիչների միջև կազմակերպված երկխոսության հանդիպումները։
Այս հանդիպումները դարձան այն հարթակը, որտեղ հնարավոր եղավ՝
- բացահայտել համայնքային խնդիրները՝ տարբեր տեսանկյուններից,
- լսելի դարձնել կանանց փորձն ու մտահոգությունները,
- համատեղ լուծումներ մշակել վերհանված խնդիրներին։
Երկխոսության ձևաչափը նպաստեց փոխվստահության ձևավորմանը և ստեղծեց ավելի բաց միջավայր՝ համայնքային նշանակության և հատկապես կանանց կարիքներին վերաբերող հարցերը քննարկելու համար։
Նախագծի արդյունքում մշակված ռեսուրսներ
Նախագծի ընթացքում իրականացված աշխատանքների հիման վրա մշակվել են մի շարք նյութեր, որոնք կարող են ծառայել որպես գործնական ուղեցույցներ հետագա աշխատանքի համար։
Դրանց թվում են՝
- քաղաքականության փաստաթուղթ՝ ՀՀ համայնքներում գենդերազգայուն բյուջետավորման ներդրման և կիրառման վերաբերյալ,
- ճանապարհային քարտեզ՝ համայնքներում կանանց մասնակցության ինստիտուցիոնալացման համար,
- կայունության պլան՝ ապահովելու կանանց և տեղական իշխանությունների համագործակցության շարունակականությունը,
- երկխոսության հանդիպումների ամփոփագիր՝ համայնքներում կանանց կողմից վերհանված խնդիրների և առաջարկվող լուծումների վերաբերյալ,
- տեղեկատվական նյութեր՝ փաստաթերթ, պաստառ և ինֆոգրաֆիկա, և այլն։
Այս նյութերը նախատեսված են տարբեր շահագրգիռ կողմերի համար՝ ՏԻՄ ներկայացուցիչներից և համայնքային ակտիվ կանանցից մինչև քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, կենտրոնական իշխանություններ և զարգացման գործընկերներ։
Նախագիծը ցույց տվեց, որ երբ կանայք ստանում են անհրաժեշտ գիտելիք և հմտություններ, նրանք պատրաստ են ավելի ակտիվ ներգրավվել համայնքային կյանքում և մասնակցել որոշումների կայացմանը։ Միևնույն ժամանակ պարզ դարձավ, որ անհրաժեշտ է շարունակական աշխատանք՝
- կանանց մասնակցության հնարավորությունները պահպանելու և ընդլայնելու,
- ՏԻՄ-երի կարողությունները զարգացնելու,
- և գենդերազգայուն մոտեցումները համայնքային կառավարման մեջ ամրապնդելու համար։
Նախագծի շրջանակում իրականացված աշխատանքները կարևոր քայլ են այս ուղղությամբ՝ ձևավորելով գիտելիք, փորձ և համագործակցության միջավայր։









